Մարքեթինգը փոփոխվում է տիեզերական արագությամբ. այն, ինչ աշխատում էր երեկ, այսօր արդեն ակտուալ չէ: Մենք հավաքել ենք 2020 թվականի ամենակարևոր թրենդներից 5-ը, որոնք ձեզ կօգնեն առաջ անցնել մրցակիցներից և հասնել ֆինանսական հաջողությունների:
1.Օգտատերերի կողմից ստեղծված կոնտենտ
Կոնտենտն ինքնուրույնաբար ստեղծելու փոխարեն կոչ արեք ձեր հետևորդներին կերտել այն: Ձեր ապրանքի համար այնքան գրավիչ ու յուրօրինակ փաթեթավորում մտածեք, որպեսզի գնորդների մոտ այն նկարելու և story անելու կամ գրառմամբ ընկերների հետ կիսվելու ցանկություն առաջանա:
Ծառայությունն այնպես մատուցեք, որ դրա մասին ցանկանան պատմել՝ նշելով ձեր բրենդի անունը: Մի կողմից այդպիսի կոնտենտն անվճար է, մյուս կողմից՝ այն ծառայելու է որպես խորհուրդ ծանոթների կողմից, ում ավելի շատ են վստահում, քան ցանկացած գովազդի: Կարևոր է, որ այդ գրառումներն օգտատերերն անեն բնականորեն, առանց մարտահրավերների և մրցույթների:
2.Ինտերակտիվ կոնտենտ
Հետազոտությունները ցույց են տալիս, որ օգտատերերի 91%-ը ամբողջ համացանցում առկա տեղեկատվությունից նախընտրում է ինտերակտիվ կոնտենտը: Այն այցելուին ավելի երկար է պահում կայքում և տալիս տեղեկատվության հետ փոխներգործելու նոր ու հետաքրքիր փորձ, ինչը նպաստում է նաև բրենդի ճանաչելիության մեծացմանը:
Մի շարք ընկերություններ իրենց հետևորդներին գրավելու նպատակով սկսում են կիրառել այնպիսի թրենդներ, ինչպիսիք են AR & VR կոնտենտը, գեյմիֆիկացիան:
AR & VR կոնտենտը կարելի է համարել 2020թ.-ի ուժեղագույն թրենդներից մեկը: Այն իրենից ներկայացնում է կոնտենտի ստեղծում լրացուցիչ կամ վիրտուալ իրականության օգտագործմամբ: Զբոսնել խանութներում, փորձել զգեստները կամ մասնակցել բրենդի ստեղծմանը. ապագան արդեն այստեղ է:
AR & VR տեխնոլոգիան վերջերս կիրառած բրենդներից մեկը Adidas-ն է, որն իր գնորդներին հնարավորութուն է տվել փորձելու Alphaedge 4D սպորտային կոշիկների նոր մոդելը:
Վիրտուալ ռեժիմում կոշիկները փորձելու համար գնորդը պետք է բացի բջջային հավելվածը և սեղմի նախընտրելի ապրանքի էջի վրա: Կոշիկը հայտնվում է ոտքի վրա, և այն կարելի է տարբեր կողմերից ուսումնասիրել: Տվյալ դեպքում օգտագործելով AR տեխնոլոգիան՝ Adidas-ը կարող է ավելի լավ կառավարել սպառողական պահանջմունքները և հետագայում նվազեցնել վերադարձվող ապրանքների թիվը:
Լայն տարածում են գտել նաև Instagram-ում ստեղծված AR-դիմակները, որոնք աշխատում են սմարտֆոնի դիմային տեսախցիկով և լրացված իրականության տարրերով: Այս տեխնոլոգիայի օգտագործումը չափազանց պարզ է, ինչով էլ պայմանավորված է դրա տարածման աննախադեպ արագությունը: Բացի այդ, բրենդի մոտիվներով լրացված իրականությամբ գործիքների ստեղծումը նպաստում է հենց սպառողների կողմից վերը նշված անվճար և գրավիչ կոնտենտի ստեղծմանը:
2020թ.-ի թրենդներից մեկը շարունակում է մնալ խաղերի ստեղծումը. մարդիկ պատրաստ են խաղալ բրենդների հետ, սակայն նրանց գրավում են հետաքրքիր ու յուրօրինակ ֆորմատները, որոնք ոչ միայն կզվարճացնեն, այլև կմոտիվացնեն լսարանին մասնակցություն ցուցաբերել:
3.Անհատական մոտեցում
Չնայած որ վերջին ժամանակների թրենդներից մեկը համարվում է ավտոմատացված չատ-բոտերի կիրառումը, որոնք տալիս են ժամանակը կառավարելու մի շարք հնարավորություններ (թույլ են տալիս արագ արձագանքել հետևորդների հաղորդագրություններին, պատասխանել հարցերին, լուծել բոլոր հնարավոր խնդիրները, վաճառքներ ձևակերպել, գրանցվել կամ հայտ լրացնել), այնուամենայնիվ սպառողը ցանկանում է ստանալ անհատական մոտեցում: Նա ուզում է իրեն հուզող հարցերի պատասխանները ստանալ ոչ թե չատ-բոտերից, այլ անձամբ տվյալ բրենդի մենեջերից՝ զգալով, որ կապուղու մյուս կողմում կենդանի մարդ է, այլ ոչ թե մեխանիկական copy-paste:
Այնուամենայնիվ պետք է նշել, որ անհատական մոտեցումը չի սահմանափակվում միայն հաղորդագրություններում հետևորդների անունների ավտոմատ փոփոխությամբ (թեև.. որոշ բրենդներ նույնիսկ դա չեն անում):
Մարդիկ վերջնականապես հոգնել են տեսնել գովազդային այնպիսի հայտարարություններ, որոնք իրենց հետ որևէ կապ չունեն:
Իսկ մեր օրերում արհեստական բանականության համատեղումը տվյալների բազայի, սոցիալական ցանցերի և տեղեկատվական այլ աղբյուրների վերլուծության հետ թույլ կտա շատ արագ և հեշտությամբ անհատականացնել ամեն ինչ՝ սկսած կոնտենտից մինչև դիզայն, առաջարկվող ապրանքներից մինչև ուղեկցող ծառայություններ:
2020թ.-ի թրենդներից է նաև Facial coding-ը, որն իրենից ներկայացնում է կոնտենտը սպառելու պահին օգտատիրոջ էմոցիաները ճանաչող տեխնոլոգիա: Այն թույլ է տալիս ավելի անհատականացնել կոնտենտը. կատարվում է հետազոտություն, որի ժամանակ ուսումնասիրվում են գովազդային հոլովակի ընթացքում դիտողների ուշադրության լարման կետերը, և վերլուծվում է արձագանքների դրական կամ բացասական լինելը: Ստացված տվյալներն օգտագործվում են թիրախավորման համար, որպեսզի պարզ լինի՝ ո՞ր լսարանին է դուր գալիս տվյալ կոնտենտը:
4.SEO վերածնունդ
Նկատած կլինեք՝ պարբերաբար խոսվում է SEO-ի ''վախճանի'' մասին, սակայն այն երբեք էլ չի վերանում, ընդհակառակը՝ անցնում է էվոլյուցիայի տարբեր փուլեր և ավելի ու ավելի կատարելագործվում: Google-ի նոր՝ Bert ալգորիթմի գործարկումից հետո հատկապես պետք է մոռանալ կոնտենտում և մետա-թեգերում բանալի բառերի չարաշահումների մասին: Նոր ալգորիթմն ավելի լավ է հասկանում տրված հարցը՝ հիմնվելով ամբողջ արտահայտության ընդհանրական իմաստի վրա, և տալիս արդեն ձևավորված պատասխան:
Սակայն արդարության համար նշենք, որ 2020թ.-ին որոնողական համակարգի առաջին հորիզոնականի համար պայքարելն այլևս բավարար չէ: Այժմ պայքարը մղվում է զրոյական հորիզոնականի համար. դա ինֆորմացիան է, որը Google-ն առաջարկում է մինչև որոնման արդյունքների ցուցադրումը: Այսինքն՝
օգտատերն այժմ կարող է այլևս որևէ կայք չայցելել. իր հարցի պատասխանն արդեն հայտնվում է որոնման արդյունքային էջում: Ընդ որում՝ յուրաքանչյուր պատասխան հղում է պարունակում դեպի տեղեկատվության սկզբնաղբյուրը:
Եթե ձեր կայքի հղումը տեղ է գտել որոնողական համակարգի ընդլայնված արդյունքներում, ապա դուք հայտնվել եք 2020 թվականի ինտերնետային մարքեթինգի թրենդներում: Իսկ այդտեղ հայտնվելու հավանականությունը մեծացնելու համար նախ անհրաժեշտ է օգտագործել սիմվոլների օպտիմալ քանակություն. կոնտենտը պետք է ստեղծել այնպես, որ որոնողական համակարգը կարողանա համապատասխան հոդվածից հեշտորեն արտահանել անհրաժեշտ հատվածը՝ ի պատասխան ստացված հարցի: Մեկ պարբերության համար խորհուրդ տրվող ծավալը 40-50 բառն է:
Կարևոր է բովանդակության նաև ձևային մասը. առանձնացրեք h1-h4 վերնագրեր, տեքստը ներկայացրեք ավելի հատվածավորված, համարակալված: Արդյունավետ է նաև կայքում ստեղծել ''Հարց-պատասխան'' էջ: Թիրախավորված հարցերի պատասխաններ պարունակող էջ ունենալը որոնողական համակարգի ընդլայնված արդյունքներում հայտնվելու հավանականությունն ավելի կմեծացնի:
Պետք է նշել նաև, որ 2020թ.-ին որոնումների ավելի քան 50%-ն իրականացվում է ձայնային եղանակով, իսկ դա նշանակում է, որ կայքի օպտիմալացումը ևս պետք է համապատասխանի այդ տենդենցին (մարդիկ ավելի երկար և խոսակցական արտահայտություններ են օգտագործում, ընդ որում՝ ձայնային որոնումները հիմանակում իրականացվում են բջջային հեռախոսներով), ուստի այդ ուղղությամբ կայքի օպտիմալացումը նույնպես կարող է զրոյական հորիզոնական ապահովել որոնողական համակարգերում:
5.Վիդեո-կոնտենտ
Ամենայն հարգանքով ընդունելով ձայնային օգնականների վաճառքների կտրուկ աճի փաստը՝ չենք կարող թերագնահատել նաև վիզուալ կոնտենտի դերը: Մեր ամբողջ շփման 93%-ը վիզուալ է, իսկ մեր ուղեղը պատկերները 60,000 անգամ ավելի արագ է ընկալում, քան տեքստը: Հստակ կարող ենք փաստել, որ գունավոր վիզուալ ներդիրները 80%-ով մեծացնում են կոնտենտը կարդալու ցանկությունը, այսինքն՝ ներգրավվածությունն ավելանում է մինչև 180%, եթե գրառումը նկար է պարունակում: Եվ ի վերջո մարդիկ 95%-ով ավելի հաճախ են գնում ապրանքը, եթե դրա մասին վիդեո են նայում:
Արդեն երկրորդ տարին շարունակ՝ վիդեոն լսարանի հետ հաղորդակցության լավագույն ֆորմատն է: Եվ այժմ բրենդներն օգտագործում են Youtube-ը՝ որպես առանձին գովազդային գործիք: Նրանք ստեղծում են իրենց ալիքները, համագործակցում բլոգերների հետ: Հենց Youtube-ում կարելի է շատ բնականորեն ներկայացնել ապրանքի օգտագործման առանձնահատկությունները և ստեղծել գրավիչ կոնտենտ: Այս հարթակը թույլ է տալիս ավելի հստակ թիրախավորել լսարանին, անընդհատ փոխհարաբերություններ պահպանել վերջինիս հետ, ուղղորդել բաժանորդագրվելու ալիքին՝ թարմ նորությունները բաց չթողնելու համար: Բացի այդ՝ Youtube-ը տալիս է մոնետիզացիայի մեծ հնարավորություն. մեծաքանակ հետևորդներ ունեցող էջերը միշտ գտնվում են գովազդատուների հետաքրքրության շրջանակներում:
Առաջարկում ենք վիդեո-ֆորմատն օգտագործել նաև գովազդ միացնելիս. վիդեո-գովազդը ևս 2020թ.-ի թվային մարքեթինգի թրենդներից մեկն է: Հաշվի առեք, որ լավ արդյունք ունենալու համար անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնի.
- Մոբայլ ադապտացիա. օգտատերերի ավելի քան 60%-ը կոնտենտը սպառում է հեռախոսով: Ապահովեք ձեր հոլովակների ուղղահայացությունը:
- Տևողություն. որքան կարճ է վիդեոն, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ օգտատերերն այն կնայեն մինչև վերջ: Գովազդային հոլովակի օպտիմալ տևողությունը կազմում է 6-15 վայրկյան:
- Անհատականացում. թիրախավորեք գովազդային հոլովակը: Տեխնոլոգիաները այժմ թույլ են տալիս տվյալների հիման վրա կետային սեգմենտավորում իրականացնել, իսկ դա կմեծացնի ձեր իսկ գովազդի արդյունավետությունը:
Այսպիսով կարող ենք ասել, որ 2020 թ.-ին կարևոր է
- ստեղծել այն, ինչով հետաքրքրված կլինեն կիսվել,
- ավելի լավ հասկանալ թիրախային լսարանին և պարզել՝ ինչ ճանապարհներով է նա հասնում ձեզ,
- կարողանալ վաճառել՝ զվարճացնելով սպառողներին:
Հետևեք թրենդներին, քայլեք փոփոխություններին համընթաց՝ չմոռանալով կերտել ՁԵՐԸ, այն յուրահատուկը, որով առանձնանում եք ձեր իսկ մրցակիցներից: